Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ազգային ինստիտուտը, «Փ.Աբաջյան» ՍՊԸ-ն եւ «Հայասի գրուփը» հունիսին Կիեւում անցկացված Top Ten Award մրցանակաբաշխության ժամանակ ստացել են մրցանակներ` որակի կառավարման լավագույն համակարգեր ունենալու համար: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց JIC կազմակերպության ներկայացուցիչ Ջահանդիր Ասադը (մրցանակաբաշխությունը համատեղ կազմակերպում են բրիտանական JIC եւ կանադական Top Ten ընկերությունները):
Ասադի խոսքով` այս միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է աշխարհի 135 երկրների ներկայացուցիչների միջեւ: Հայկական ընկերությունների հաջողությունը դրդել է JIC-ին` հաջորդ մրցանակաբաշխության արարողությունն անցկացնել Երեւանում:
Նշենք, որ «Փ. Աբաջյան» ՍՊԸ-ն իրակիանացնում է շինանյութերի սերտիֆիկացում եւ փորձարկում, իսկ «Հայասի գրուփը» արտադրում է ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, սնունդ: Ստանդարտների Ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի տեղեկացմամբ` Top Ten Award սերտիֆիկատը ճանաչվում է ողջ աշխարհում եւ թույլ է տալիս գործունեություն ծավալել այլ երկրներում:




























