Կրասնոդարի երկրամասի Վոլնա գյուղի նավթամթերքների պահեստարանի հրդեհն առաջացել է անօդաչու թռչող սարքի ընկնելու հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։

Այլ մանրամասներ չեն ներկայացվել։

Հրդեհը Վոլնա գյուղի նավթամթերքների պահեստարանում սկսվել է մայիսի 3-ի առավոտյան ժամը 4-ին։ Գյուղի կողքին Թաման նավահանգիստն է, ինչպես նաեւ «Տամաննեւտեգազի» պահեստարանը։ Հրդեհի մակերեսը ավելացել է՝ հասնելով 1,2 հազար քառակուսի մետրի, դրան տրվել է բարդության բարձրագույն կարգ։ Նախնական տվյալներով՝ ոչ մի մարդ չի տուժել։

Ավելի վաղ Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը տեղեկացրել էր, որ Վոլնա գյուղի բնակիչների տարհանումն իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ իրավիճակը չի պարտադրում անել դա։ Նա բնակիչներին հանգստություն պահպանելու կոչ է արել։

Ներկայում ութ սահմանամերձ շրջաններում՝ Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերի, Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքներում, գործում է արձագանքման միջին մակարդակի ռեժիմ։