Կրասնոդարի երկրամասում, Իլի նավթավերամշակման գործարանում երկու օրում երկրորդ անգամ ծագած հրդեհը մարվել է մինչեւ հրշեջների ժամանելը, տուժածներ, նախնական տվյալներով, չկան, հրդեհի մակերեսը կազմել է 60 քառակուսի մետր։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են ուրբաթ, Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունում։

«Մայիսի 5-ին, ժամը 08.50-ին տեղեկություն է ստացվել, որ Իլի նավթավերամշակման գործարանում հրդեհ է։ 09.00-ին 60 քառակուսի մետրի վրա ծագած հրդեհը մարվել է՝ մինչեւ Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների ժամանելը։ Նախնական տվյալներով՝ զոհեր, տուժածներ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հրդեհի մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել էին արտակարգ իրավիճակների ծառայությունում, գործակալության զրուցակցի տվյալներով՝ հրդեհն անօդաչուի գրոհի հետեւանքն էր։ Նրա խոսքով՝ պատահարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները եւ իրավապահ մարմինները։

Կրասնոդարի երկրամասի վարչակազմի մամուլի քարտուղարությունում տեղեկացրել են, որ հրդեհի հետեւանքները սպառնալիք չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար, պատահարի պատճառները պարզվում են։