Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի նախաձեռնությունը` Ադրբեջանին դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, այս կազմակերպությունը իր առջեւ երեք նպատակ է դնում. «Առաջին նպատակի էությունը խաղաղության պահպանումն է եւ հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելը: Երկրորդ նպատակը ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հարգումն է: Իսկ ՄԱԿ-ի երրորդ նպատակը համագործակցությունն է` հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների վրա, անկախ ազգային, լեզվական եւ կրոնական պատկանելիությունից»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

Ուշադրություն դարձնելով այն փաստին, որ Բաքվի կողմից վարվող քաղաքականությունը հակասում է այդ երեք նպատակներին, Շավարշ Քոչարյանն ընդգծել է. «Չբավարարվելով դրանով, Ադրբեջանը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի հեղինակությունն իր հնարավոր ժամանակավոր անդամությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել պարադոքսալ իրավիճակի վրա, երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ է փորձում դառնալ մի երկիր, որն անընդհատ շարունակում է պատերազմով սպառնալ իր հարեւան երկրին:

Հիշեցնենք, որ ներկայումս Անկարան եւ Բաքուն ջանքեր են գործադրում, որպեսզի հոկտեմբերի 21-ի քվեարկության ժամանակ Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: