Խաղաղության պայմանագրի ստորագրումը դժվար թե լիովին հանդարտեցնի իրավիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
«Լավ է, եթե ռազմական գործողություններ չլինեն, սակայն ամեն ինչ կախված է արտաքին դերակատարներից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին 30 տարիների ընթացքում կապված է եղել արտաքին դերակատարների հետ, որոնք ցանկանում էին ազդել իրադարձությունների ընթացքի վրա եւ պայքարում էին տարածաշրջանում իրենց ազդեցության համար: Խոսքը ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության մասին է»,-նշեց նա։
Եթե արտաքին դերակատարները չսկսեն մրցակցել միմյանց հետ՝ օգտագործելով հայ-ադրբեջանական հակամարտությունն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար, ապա, փորձագետի գնահատմամբ, հնարավոր կլինի խոսել դրական տեղաշարժի մասին։
«Բայց եթե արտաքին խաղացողները սկսեն աշխարհաքաղաքական խաղեր խաղալ եւ միմյանց դուրս մղել՝ հակամարտությունն օգտագործելով իրենց նպատակների համար, ապա իրավիճակը չի հանդարտվի։
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն գործում են բացարձակապես առանց հաշվի առնելու Ռուսաստանին, իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանը Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես նրա ազդեցության գոտի։ Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհագրորեն ՌԴ-ին մոտ երկրներ են՝ ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի։
Նախընտրելի է միջազգային նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ դեպքում հակամարտության ավարտի հարցում հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն։
Վտանգ կա, որ հակամարտությունը կօգտագործվի Արեւմուտքի կողմից, որպեսզի փորձի հետագայում դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի հակազդեցությանը եւ Արեւմուտքի հակադարձ դուրս մղմանը Հարավային Կովկասից ուկրաինական հակամարտության ավարտից հետո, երբ Մոսկվայի ձեռքերն արձակվեն։ Սա է այն սպառնալիքը, որ հակամարտությունը կարող է նորից սկսվել»,-նշեց քաղաքագետը։
Արամ Դանիելյան





























