Թուրքիան այնքան էլ ինքնավստահ չէ, որ իր վրա վերցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձի ձախողման պատասխանատվությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը` մեկնաբանելով Թուրքիայի կառավարության կողմից արձանագրությունները կրկին խորհրդարանի օրակարգում ընդգրկելու փաստը:
«Ես կրկնեմ այն, ինչ ասացի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հանելու օրը: Այն ժամանակ շատ վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ դա «վերջն է, թաղվեցին արձանագրությունները»: Բայց ինչպես պետք չէր քաղաքական ենթատեքստ փնտրել դրանք հանելու, այնպես էլ պետք չէ ենթատեքստ փնտրել հետ բերելու մեջ»,- նշեց փորձագետն ու հավելեց. «Թուրքիան էլ այնքան էլ ինքնավստահ չէ, որ իր վերցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փորձի ձախողման պատասխանատվությունը: Նա պատրաստ չէ, հետեւաբար արձանագրությունները կպահի իր քաղաքական օրակարգում, մինչեւ համապատասխան աշխարհաքաղաքական կամ այլ պայմանավորվածություններ ձեռքբերելը, որից հետո կրկին կանդրադառնա այդ հարցին»:
Դիտարկմանը, թե քաղաքական շատ գործիչներ եւ փորձագետներ պնդում են, որ Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունն այդ արձանագրությունների տակից, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը պատասխանեց. «Ես արձանագրությունները ստորագրելուց ի վեր կարծում եմ, որ դրանց վրա բավական աշխատանք է կատարվել, ուստի նման պահանջները համարում եմ անտեղի: Այլ բան է, որ վերջին երկու տարիներին փոխվել են աշխարհաքաղաքական իրավիճակներ, տրամադրություններ, դա ուրիշ հանգամանք է, բայց արձանագրություններն արտացոլում են երկու երկրներում էլ ներկայումս գործող իշխանությունների տրամադրությունները: Ոչ մի երկրում իշխանափոխություն չի եղել լայն առումով, ուստի դրանք արտացոլում են իշխող ուժերի մոտեցումները, հետեւաբար խոսել դրանց հանելու մասին եւ փոխարենը չառաջարկել ոչինչ, պարզապես դատարկախոսություն է»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի նախարարների խորհուրդը սեպտեմբերի 24-ին խորհրդարան է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք օգոստոսի վերջին ի թիվս այլ օրինագծերի անվավեր էին ճանաչվել:
Կառավարությունը որոշել է վերականգնել նախորդ օրենսդրական շրջանի 171 միջազգային համաձայնագրերից 166-ը, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունները: Նշենք, որ օգոստոսի 22-ին Թուրքիայի խորհրդարանը ի թիվս այլ օրինագծերի անվավեր էր ճանաչել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել էին Թուրքիայի օրենսդիր մարմնի օրակարգից, քանի որ ավարտվել էր 23-րդ օրենսդրական շրջանը: Սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի` կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել, որից էլ օգտվել է կառավարությունը: Թուրքական լրատվամիջոցները դա համարել էին ժեստ` ուղղված Երեւանին:




























