Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին եւ շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Չան Սոն Մինն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ: Ես միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան: Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հիանալի երկիր, կարծում եմ Հայաստանը եւ Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ եւ սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Առանձնահատուկ շեշտվել է մշակութային կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացման առկա մեծ ներուժը եւ վերջինիս լիարժեք իրականացման կարեւորությունը:
Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների սերտ համագործակցությանը՝ կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում երկու երկրների լավագույն փորձի փոխանակումն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը: Այս կապակցությամբ քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:
Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման վերաբերյալ պատրաստակամությունը:





























