Երկուշաբթի երեկոյան Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսով խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նրան շնորհավորելով ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ տարածաշրջանային երկու տերությունների միջեւ հարաբերությունների հետագա բարելավման կոչ անելով, տեղեկացրել է The Times of Israel-ը։
Իսրայելի նախագահը, որը կարեւոր դեր է խաղացել կապերի վերականգնման ջանքերում, Էրդողանին նշել է «համատեղ աշխատանքի կարեւորության մասին կայունության, տարածաշրջանային խաղաղության եւ երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ», նշվել է Հերցոգի գրասենյակի հայտարարությունում։ Հերցոգը եւ Էրդողանը առաջիկայում հանդիպման հույս են հայտնել, նշվել է հայտարարությունում։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւս խոսել է Թուրքիայի նախագահի հետ։
Նրանք պայմանավորվել են շարունակել աշխատանքը երկրների միջեւ կապերի ամրապնդման եւ դրանք «նոր բարձունքների» հասցնելու ուղղությամբ, տեղեկացրել են Նեթանյահուի գրասենյակում։





























