Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Հարավային Կորեան Ուկրաինային կտրամադրի պաշտպանական ռազմական տեխնիկա՝ զենիթային հրթիռներ ՌԴ գրոհները հետ մղելու համար, տեղեկացրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Զելենսկու Chosun Ilbo հարավկորեական օրաթերթին տված հարցազրույցին։

Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել Հարավային Կորեայի՝  երկրին ականազերծման մեքենաներ եւ հումանիտար օգնություն տրամադրելու խոստման համար (230 մլն դոլարի չափով)։

Զելենսկին Կիեւում լրագրողների հետ շփվելիս նշել է, որ Ուկրաինային հարկավոր են ՀՕՊ եւ վաղ նախազգուշացման համակարգեր։

«Մենք գիտակցում ենք, որ գոյություն ունեն մի քանի սահմանափակումներ սպառազինությունների գծով։ Սակայն ես կարծում եմ, որ կորեական սկզբունքները չպետք է կիրառվեն պաշտպանական համակարգերի եւ էներգահամակարգերի պաշտպանության սարքավորումների դեպքում (ինչին Կորեան առայժմ հավանություն չի տվել)»,- ասել է նա։