ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Միացյալ Նահանգների տեսանկյունից եկել է Շվեդիայի անդամակցությունն ավարտելու ժամանակը։
«Սա գործընթաց է․․․Այն զարմանալիորեն շատ արագ է առաջ գնում Ֆինլանդիայի անդամակցության դեպքում եւ շատ շուտով Շվեդիայի անդամակցության։ Այս գործընթացի շրջանակում Դաշինքի առանձին անդամներ կարող են իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնել, եւ Թուրքիան, իհարկե, դա արել է վերջին ամիսներին։ Ես կարծում եմ, որ նա արդարացիորեն իր ուշադրությունն է սեւեռել իր անվտանգության որոշ խնդիրներին, որոնց լուծման համար եւ Ֆինլանդիան եւ Շվեդիան կարեւոր քայլեր են ձեռնարկել», - նշել է Բլինքենը։
«Միացյալ Նահանգների տեսակետից եկել է ժամանակը ավարտելու Շվեդիայի անդամակցությունը։ Կրկին, նա շատ նշանակալից քայլեր է ձեռնարկել միանգամայն օրինական խնդիրների լուծման համար։ Ուստի մենք անհամբեր սպասում ենք այս գործընթացի ավարտին առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք կասկած չունենք, որ դա կարող է տեղի ունենալ, եւ դա պետք է տեղի ունենա, եւ մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա»,- ասել է նա։





























