Այսօր տեղի ժամանակով կեսօրին Միմի ամրոցի գինեգործական համալիրում (Բուլբոակա գյուղում) սկսվել է Եվրոպական քաղաքական հանրույթի (ԵՔՀ) լիագումար նիստը։ Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իր երկրում կազմակերպված հանդիպումը մասնակից պետությունների միասնության, ուժի եւ վճռականության վառ դրսեւորումն է՝ գործելու միասնաբար որպես ընտանիք, որը միասնական է եւ համագործակցում է ընդհանուր խնդիրները լուծելու համար, տեղեկացրել է МОЛДПРЕС-ը։
Նիստն սկսվել է, հենց որ բոլոր պատվիրակությունները եկել են Միմի ամրոց, որտեղ նրանց կարմիր ուղեգորգին ողջունել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Բանավեճերի սեղանի շուրջ հավաքվածները՝ մոտ 50 պետությունների ղեկավարներ, վարչապետեր եւ բարձրաստիճան եվրոպացի ներկայացուցիչներ կքննարկեն թեմաներ, որոնք կվերաբերեն անվտանգությանը, էներգետիկային եւ կապին։ Միջոցառման պլանի համաձայն՝ լիագումար նիստը կտեւի մոտ 30 րոպե։
Միջոցառումը կշարունակվի աշխատանքային խմբերի նիստերով։ Օրվա երկրորդ կեսը կհատկացվի գագաթաժողովին ներկա ղեկավարների երկկողմ հանդիպումներին։ Երեկոյան ժամը 17.00-ին նախատեսված է նախագահ Մայա Սանդուի մամուլի ասուլիսը։ Կառավարության մամուլի քարտուղար Դանիել Վոդեն МОЛДПРЕС-ին տեղեկացրել է, որ պետության ղեկավարի հետ միասին մամուլի համար հայտարարություններ կանեն նաեւ եվրոպական մյուս առաջնորդները։
Մոլդովայի Հանրապետությունն այսօր հյուրընկալում է իր պատմության մեջ ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը՝ Եվրոպական քաղաքական հանրույթի գագաթաժողովը։ Մոտ 50 պետությունների ղեկավարներ, վարչապետեր եւ բարձրաստիճան եվրոպացի ներկայացուցիչներ ժամանել են երկիր։ Նրանց մեջ է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





























