Տավուշի մարզում, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքը չի վնասել երկաթգիծը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դեպքի կապակցությամբ ստեղծված օպերատիվ շտաբում:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ:  Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար:

Առավոտյան ժամը 07:00-ին վերսկսվել են նաեւ փրկարարական աշխատանքները, դեպքի  վայր են մեկնել ԱԻՆ` ՀՓԾ ՓՈՒՎ ՀՓՋ-ից` 23 փրկարար, Տավուշի ՄՓՎ` 15 հրշեջ-փրկարարներ եւ ՄՓՎ ՓՋ-ից 6 փրկարար, Իջեւանից 6 հրշեջ-փրկարար, Լոռու մարզի Ալավերդու ՀՓՋ-ից` 6 հրշեջ-փրկարար, Լոռու ՄՓՎ-ից 9 հրշեջ-փրկարար, Ստեփանավանի ՀՓՋ-ից 2 եւ Վանաձորի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաեւ «Լոռե»  փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունից` 3 փրկարար:

Դեպքի վայրում են նաեւ Պաշտպանության նախարարության 4 ծանր տեխնիկա եւ 20 զինծառայող, առողջապահության նախարարությունից` շտապօգնության 10 բրիգադ: Տարածքը շրջափակված է եւ վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման եւ երթեւեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են  ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ եւ լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան: Փլուզման տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:

Տեղեկություններ կան 7 տուժածների մասին, ովքեր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով: