Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն եւ համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին եւ ցանկացել բարգավաճում եւ հաղթանակ։ Այս մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է շնորհավորական հեռագրում, որն ուղարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացրել է  Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Տոկուն եւ իմաստուն ռուս ժողովուրդը, խոր արմատներ գցելով ընդարձակ տարածքում, երկար տարիներ ստեղծել է հպարտ պատմություն եւ մշակույթ, անցել զարգացման փառահեղ ճանապարհ՝ ցուցադրելով արժանապատվություն եւ հզոր պետության պատկառելի կերպար»,- նշվել է հեռագրում։

Կիմ Չեն Ընը նշել է, որ կորեացի ժողովուրդը լիովին աջակցում է ռուս ժողովրդին, որը  ձգտում է իրականացնել «ինքնիշխան իրավունքների պաշտպանության եւ Ռուսաստանի շահերի զարգացման սրբազան գործեր»՝ իրականացնելով միջազգային արդարություն ընդդեմ իմպերիալիստների կամայականության։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ արդարությունը միշտ հաղթանակում է, իսկ ռուս ժողովուրդը այսուհետ եւս կփառաբանի հաղթանակի պատմությունը։

Նրա խոսքով՝ կորեա-ռուսական բարեկամությունն արժեքավոր ռազմավարական ձեռքբերում է երկու երկրների համար, իսկ բարիդրացիական հարաբերությունների մշտական զարգացումը Փհենյանի անսասան դիրքորոշումն է։

Կիմ Չեն Ընը հաստատել է Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։