Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, եկող շաբաթ առաջին անգամ կայցելի Իսրայել։ Այս մասին կիրակի տեղեկացրել է The Times of Israel թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրանց տվյալներով, հրավեր ստացվել է Միխալ Հերցոգից՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի կնոջից։ Նա էլ ընդունելու է հյուրին հունիսի 19-ին։ Զելենսկայան Իսրայել կմեկնի հունիսի 17-ին կամ 18-ին։

Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարների կանայք կայցելեն Ուկրաինայի ԶՈւ մարտիկներին, որոնք վերականգնվում են հրեական պետության տարածքում։ Աղբյուրները նշել են նաեւ, որ Զելենսկայան կհանդիպի իսրայելցի պաշտոնյաների հետ, սակայն նրա ստույգ պլանների մասին առայժմ չի տեղեկացվում։ Ուկրաինական կողմն այդ տեղեկությունը չի մեկնաբանում։