Ուկրաինական կարգավորման գծով պապական նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպին հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որում ցավակցություն է հայտնել պետության բնակիչներին Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով։ Կարդինալը հովվապետի ուղերձը հանձնել է Կիեւ կատարած իր վերջին այցելության ժամանակ։
«Մենք պետք է նպաստենք խաղաղության հաստատմանը որքան հնարավոր է արագ, հասկանանք, թե ինչ է պետք՝ դրան հասնելու համար։ Եվ սրանում է այն նամակի իմաստը, որը Հռոմի պապը գրել է Զելենսկուն, հենց նրանում, թե ինչպես կարող ենք օգնել եւ լինել նրա տառապող ժողովրդի կողքին»,- ասել է նա։
Նա նաեւ ավելացրել է, որ ազդանշաններ է ստանում, որոնք հույս են տալիս, որ շուտով հանդիպում կկայանա Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Նախօրեին Ձուպին հաստատել էր, որ Վատիկանի՝ հակամարտությունը լուծելու պլանը ներառում է ուղեւորությունը Մոսկվա։ Հատուկ բանագնացն արդեն այցելել է Կիեւ, որտեղ Զելենսկու հետ քննարկել է հրադադարը։





























