Անցյալ տարի Իսրայելն արտահանել է ռեկորդային 12,556 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք, ընդ որում՝ արտահանման ամբողջ ծավալի գրեթե մեկ քառորդը բաժին է ընկել արաբական նոր գործընկերներին՝ 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից աջակցվող Աբրահամյան համաձայնագրերի շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը հաղորդագրությունը։
Նշվում է, որ 2022 թվականի ցուցանիշները 50 տոկոս աճ են արձանագրել նախորդ երեք տարիների համեմատ եւ նախորդ տասնամյակի ծավալի կրկնապատկում։ Անօդաչուներին բաժին է ընկնում 2022 թվականի արտահանման 25 տոկոսը, իսկ հրթիռներին, ռեակտիվ արկերին եւ ՀՕՊ համակարգերին՝ 19 տոկոսը, ասվում է հաղորդագրության մեջ։
Առանց կոնկրետ հաճախորդների անվանելու, նախարարությունը հայտնել է, որ պաշտպանական արտահանման 24 տոկոսը բաժին է ընկնում Աբրահամյան համաձայնագրերի երկրներին: Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը ստորագրել են այդ համաձայնագրերը, եւ Իսրայելը դրանց շարքին է դասում նաեւ Մարոկկոն եւ Սուդանը:
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին բաժին է ընկնում Իսրայելի պաշտպանական արտահանման 30 տոկոսը, Եվրոպային՝ 29 տոկոսը, իսկ Հյուսիսային Ամերիկային՝ 11 տոկոսը, ասվում է հաղորդագրության մեջ:





























