ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը հունիսի 13-ին մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում են ԱԳՆ-ից:
Շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությունը եւ օրենսդրական բարեփոխումները՝ անդրադառնալով Հայաստանում երկնիշ տնտեսական աճին եւ արտաքին առեւտրի ծավալների էական ավելացմանը, այդ թվում՝ մի շարք ՍԾՏՀ անդամ երկրների հետ։ Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգային իրավազորության հիման վրա։
Վահե Գեւորգյանը նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձեւով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսեւորում է, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը:
Նախարարի տեղակալ Գեւորգյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը եւ դրա սոցիալ-տնտեսական հետեւանքներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ շրջափակման քաղաքականությունը, փորձելով հյուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու վերջինին զրկել գոյության միջոցներից, չեն կարող հիմք դառնալ երկարաժամկետ եւ կայուն խաղաղության համար:
Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է մի շարք բանաձեւեր եւ որոշումներ, ինչպես նաեւ հաստատել ՀՀ թեկնածությունը՝ որպես ՍԾՏՀԿ Մշակույթի աշխատանքային խմբի 2023-2025 թթ. համակարգող երկիր։





























