Ավելի քան 8,5 ժամ շարունակվել է Թուրքիայի կառավարության նիստը, որը կայացել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ: Նիստը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։

Ազգին հեռուստաուղերձով դիմած Էրդողանը նիստի նման տեւողությունը բացատրել է նրանով, որ բոլոր նախարարները, բացառությամբ արտասահմանյան այցով երկրից մեկնած արտգործնախարարի, հանդես են եկել ապագա գործողությունների ծրագրով:

Թուրքիայի նախագահը նոր վարչակազմի ներքաղաքական առաջնահերթություններից է համարում երկրի նոր սահմանադրության ընդունումը: Էրդողանի խոսքով՝ նոր սահմանադրությունը կմիավորի թուրքական հասարակության բոլոր շերտերին։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում եւ ընդհանրապես միջազգային ասպարեզում ավելի կակտիվանա: Նա հատուկ նշել է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը Անկարայի շարունակական աջակցությունը։ Էրդողանը կիպրացի թուրքերին «եղբայրներ» է անվանել եւ ընդգծել, որ Թուրքիային թույլ չի տա խախտել ո՛չ իր, ո՛չ էլ նրանց իրավունքները։