Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հետաձգեցին Հունաստանին 8 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը, տեղեկացնում է BBC-ն: Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ որոշումը կկայացվի հոկտեմբերի վերջերին, երբ կհրապարակվի տնտեսական իրավիճակի մասին ավելի թարմ զեկույց:

Վարկի հետաձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հունաստանը չի կարողացել բյուջեի դեֆիցիտը իջեցնել մինչեւ ՀՆԱ-ի 7.6 տոկոսի, ինչպես պահանջում էին վարկատուները: 2011 թ. Հունաստանը պլանավորում է դեֆիցիտ ՀՆԱ-ի 8.5 տոկոսի չափով, եւ միայն 2012 թ. պլանավորվում է դեֆիցիտը իջեցնել մինչեւ 6.8 տոկոս:

Թեեւ եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները կտրականապես հերքել են Հունաստանի եվրոյի գոտուց դուրս գալու լուրը, կամ դեֆոլտի հավանականությունը, միջազգային շուկան բացասաբար է արձագանքել վարկը հետաձգելու որոշմանը:

Երեկվանից եվրոպական, ասիական ու ամերիկյան բորսաները գրանցել են անկում, իսկ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է վերջին 8 ամսում իր նվազագույն մակարդակին: Այսօր`հոկտեմբերի 4-ի կեսօրին 1 եվրոն գնահատվում էր 1.3155 դոլար: