Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015 թվականի այն որոշումը, որով կադաստրային արժեքով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին վաճառվել է 596.97քմ հողատարածք, Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել:

NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հայցապահանջը Վարչական դատարանը վարույթ է ընդունել: Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի կայքում նշված որոշման՝ «էրեբունու շուկա» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը դիմել է Երեւանի քաղաքապետին՝ Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, ընկերությանը պատկանող հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու խնդրանքով: Տարածքի տեղազննումից եւ տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 596.97քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երեւան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ որոշել է 596.97քմ մակերեսով հողամասը վաճառել «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին: