Եթե մարդը (նկատի ունի Հայաստանի վարչապետին- խմբ.) ասում է, որ բանակցություններն սկսում է սեփական կետից, ապա բոլոր հետեւանքների համար այդուհետ պատասխանատվությունը նա է կրում։ Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշել է, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը հրադադարի մասին բանակցություններ է վարել միաժամանակ երեք հարթակներում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի։ Նրա գնահատմամբ՝ նույնը կառավարության ղեկավարն արել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով, ինչը հակառակորդին մանեւրելու հնարավորություն է տվել։ «Փաշինյանը մանրամասն ներկայացրել է ռուսական առաջարկները, բայց, չգիտես ինչու, չի ներկայացրել ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջարկների մանրամասները։ Ընդ որում՝ միամտություն կլիներ հույս դնել ԱՄՆ-ի վրա, որը պատրաստվում էր նախագահական ընտրությունների։ Ուստի, արդյո՞ք բանակցությունները ԱՄՆ գծով պայմանավորված էին այդ երկրի ներքաղաքական գործընթացներով եւ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Թրամփի ներքաղաքական հարցերի լուծմամբ»,- հարց է տվել պատգամավորը։

Նա նշել է, որ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստան է»,  հակասում է այն հայտարարություններին, որ «քանի դեռ Ղարաբաղը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ, ինքն է վարելու դրանք», կամ որ իննք իրավունք չունի բանակցություններ վարել Ղարաբաղի անունից»։

Մամիջանյանը վստահություն է հայտնել, որ  հենց դա է խառնաշփոթ ստեղծել բանակցային գործընթացում՝ ավելացնելով, որ Փաշինյանը վերջնագիր դրել է ոչ թե Ադրբեջանի նախագահ Ալիեւի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առջեւ։ «Եթե նա ասում է, որ Լիսաբոնի գագաթաժողովից հետո խոսակցություններն ինքնորոշման մասին ավելորդ էին, ապա ինչպես այդ դեպքում ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքներն ու Կազանը։ Եթե Ալմաթիի հռչակագիրը եւ Բելովեժյան համաձայնագիրը կարող էին բանակցային հիմք լինել, ինչու դրանք երբեք մինչեւ Փաշինյանը չեն շրջանառվել  եւ հիմք չեն ընդունվել։ Ինչ վերաբերում է Ստամբուլի գագաթաժողովին, ապա նրա արդյունքներով ընդունվել է հայտարարություն այն մասին, որ ԵԱՀԿ-ն եւ Մինսկի խումբը շարունակում են մնալ ամենահարմար հարթակները հակամարտության կարգավորման ուղիների որոնման ճանապարհին»,- ընդգծել է նա։

Խորհրդարանականը նշել է, որ ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերը, որոնց մասին հիշատակել է Փաշինյանը, վերաբերում են հրադադարի ռեժիմի հաստատմանը, իսկ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո դրանք ոչ մի կերպ չեն վերաբերում գործընթացին, ուստի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում դրանք երբեք աշխատանքային փաստաթղթեր չեն եղել։ Նրա խոսքով, ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանն ուներ միայն մեկ պարտավորություն՝ ազդել Ղարաբաղի վրա հրադադարի ռեժիմի հաստատման գործում։

Նա հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ՝ նշելով, որ միայն ղարաբաղյան հակամարտությունում է, հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների շարքում, որ հղումներ են կատարվել ինքնորոշմանը։ «Այո, Կազանում արձանագրվել է, որ նախատեսվող հանրաքվեն չպետք է ինչ-որ բանով սահմանափակված լինի։ Դա կլիներ հայկական կողմի հաղթանակը։ Հանրաքվեի իրականացումը փոխկապակցված էր  Լաչինի եւ Քարվաճառի շուրջ ընթացող գործընթացների հետ։ Անգամ Ալիեւն է խոստովանել, որ այդ դեպքում Լաչինը եւ Քարվաճառը հավերժ կմնային հայկական։ Կազանի փաստաթղթում արձանագրվել է միջանկյալ կարգավիճակ, եւ Կազանի փաստաթուղթը շարունակում է մնալ միակ աշխատանքային փաստաթուղթը ԵԱՀԿ գանձարանում»,- ընդգծել է Մամիջանյանը։

Նա հավաստիացրել է, որ հենց հայկական կողմն է 2016թ. ապրիլյան ռազմական սրման ժամանակ պահանջել հրադադար բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այդ ժամանակ Բաքուն չի հասել առաջադրած նպատակներին, եւ ինքն է խնդրել հրադադար։ «Այդ ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ինը երկրներ, ներառյալ Թուրքիան, հայտարարություն տարածեցին այն մասին, որ հակամարտությունն ուժային լուծում չունի, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, երբ Թուրքիան դարձավ հակամարտության կողմ։ Շնորհիվ Սարգսյանի գործունեության Ադրբեջանն ստացավ ապակառուցողական երկրի իմիջ, մինչեւ որ եկավ Փաշինյանը։ Սկսած Մադրիդյան սկզբունքներից եւ շարունակելով Կազանի փաստաթղթով՝ Ադրբեջանի կազմում Արցախի ներառման մասին դրույթը, որը փուլային լուծման ներածությունում էր, բացառված էր»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը։