Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փոփոխություններ չկան: Որոնողափրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներին են միացել 30 փրկարար Շիրակի մարզից, Տավուշի մարզային փրկարարական վարչությունից 7 փրկարար, Իջեւանի հրշեջ-փրկարար ջոկատից 5 հրշեջ-փրկարար` պետի գլխավորությամբ, եւ 30 փրկարար Լոռու մարզից: Սողանքային գոտում շարունակում է աշխատել նաեւ Այրումի երկաթուղային կայարանի անձնակազմից 15 մարդ:
Նշենք, որ երեկ փրկարարներին հաջողվել է ՊՆ ուղղաթիռի եւ երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ փլուզման գոտուց դուրս են բերել 9 մարդատար ավտոմեքենա: Հիշեցնենք, որ սողանքից տուժել է առնվազն 35 մեքենա: Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ սողանքային վտանգավոր գոտուց դուրս բերել եւս մեկ մարդատար մեքենա:
Հոկտեմբերի 5-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:
Այս պահին անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:




























