Մոսկվան եւ Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակել կովկասյան աշխարհաքաղաքականության վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների նպատակը Կովկասում ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաշտության բանաձեւի որոնումն է, այլ քաղաքական էքսպանսիան եւ ՌԴ-ին իր համար կարեւոր տարածաշրջանից դուրս մղելը։ Ընդ որում՝ ռուսաստանցի նախարարը հատկապես ընդգծել է, որ Բաքվում եւ Երեւանում հասկանում են այս իրողությունները։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Լավրովի խոսքերն արձագանք են գտել Վաշինգտոնում։ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փատելը հեռակա բանավեճի մեջ է մտել ՌԴ ԱԳ նախարարի հետ. «Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ, իհարկե, մենք ողջունում ենք դա, բայց մենք նախկինի պես կարծում ենք, որ այդ բանակցություններն առաջ են ընթանում, դրանք պրոցեսի մեջ են»։
Ե՛վ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը փորձում են առաջնորդող դիրքեր զբաղեցնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Ի տարբերություն ուկրաինական ուղղության, որտեղ Մոսկվայի եւ Վաշինգտոնի մոտեցումները բացահայտ հակադիր են (եւ լիցքաթափումն առայժմ տեղի չի ունենում), ղարաբաղյան ուղղությամբ Նահանգներն անգամ պատրաստ է ընդունել, որ ՌԴ-ն որոշակիորեն կառուցողական է։ Սակայն երբեմնի կոոպերացիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում այսօր անգամ հետք չի մնացել։ Վաշինգտոնն առաջ է տանում այսպես կոչված «ուղիղ երկխոսության» նախագիծը։ Այս մասին հունիսի 21-ին ասել է նաեւ Վեդանտ Փատելը։ Նրա խոսքով՝ այդ ձեւաչափը [հայ-ադրբեջանական կարգավորման] հարցի լուծման եւ Հարավային Կովկասում ամուր եւ արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»։
Փատելի, ինչպես նաեւ նրա շեֆի՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ առկա է դիվանագիտական խորամանկության հայտնի չափաբաժին։ Չէ՞ որ «ուղիղ երկխոսությունը», ինչպես այն հասկանում են պետդեպարտամենտի ներկայացուցիչները, Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչների նախաձեռնողական խոսակցությունը չէ, այլ հարթակ, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նահանգները, եթե կուզեք, հանդես է գալիս այդ երկխոսության պրոդյուսերի դերում։ Հետեւելով Բլինքեն-Փատելի սահմանմանը՝ մենք կարող ենք եւ Մոսկվայում Կրեմլի կամ ԱԳՆ հովանու ներքո անցկացվող բանակցություններն անվանել «ուղիղ», չէ՞ որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, այդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում եւ քննարկում են խաղաղության հաստատման հեռանկարները։
Բայց ԱՄՆ-ն իր հարթակները ներկայացնում է որպես հակամարտող կողմերի մի ինչ-որ իսկական երկխոսություն՝ Մոսկվայի դերը ներկայացնելով որպես մեդիացիա։ Հասկանալի է, որ ցանկացած մեդիացիա ենթադրում է իր հատուկ շահը։ Եվ այս համատեքստում առնվազն միամտություն կլիներ Վաշինգտոնի գործողությունները դիտարկել որպես ալտրուիզմի դրսեւորում։ Ընթանում է կոշտ մրցակցություն Եվրասիայում։ Եվ այն ընդգրկում է ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական ոլորտը»,- գրել է քաղաքագետը։





























