Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երեկ` հոկտեմբերի 4-ին, արտակարգ նիստ է հրավիրել` նույն օրն Արմավիրի մարզի «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքների մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասն պատկանող «Սատկո» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով ավտոմեքենայի թափքում գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ժամկետային զինծառայող, ավագ, 21-ամյա Հայկ Արշակի Դավթյանը մահացել է Արմավիրի հիվանդանոցում:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով, ներկայումս պաշտպանության նախարարը գտնվում է Բրյուսելում: Միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվում, եւ նախարարի Հայաստան վերադառնալուց հետո նրան կզեկուցվեն քննության արդունքները, ինչից հետո Սեյրան Օհանյանը կկայացնի համապատասխան որոշումներ:

Թեեւ Կարապետյանը հայտնեց, որ արտակարգ նիստի մանրամասները չեն հրապարակվում, սակայն NEWS.am-ի հավաստի տեղեկություններով,  Սեյրան Օհանյանի հրավիրած արտակարգ նիստին ներկա են եղել միջադեպի համար պատասխանատու հրամանատարները: Ըստ մեր աղբյուրների` առաջիկա օրերին աշխատանքից ազատվելու են զորամասի գնդի հրամանատարը եւ տեղակալները, իսկ մի շարք զինվորականներ, այդ թվում` գեներալներ, ստանալու են խիստ նկատողություն:

Հիշեցնենք, որ վթարի առթիվ ՀՀ քր.օր.-ի 377 հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը)  ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշված հովածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ավագ լեյտենանտ Համլետ Հմայակի Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: