Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հոկտեմբերի 5-ին, մեկնել է Բրյուսել:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Բրյուսելում մասնակցելու է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով, հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը եւ իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի նաեւ Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերում Գերմանիայի հրամանատարության ներքո գործող Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում կհամաձայնեցվի եւ կհրապարակվի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների համատեղ կոմյունիկեն:

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի երկկողմ ձեւաչափով հանդիպումները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի, Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ: