Ծաղկաձորում, հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի /ՍԶՀԽ/ հերթական, 66-րդ նիստը:
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի 1992թ. հուլիսի 6-ի որոշմամբ: ՍԶՀԽ-ն ԱՊՀ պետություների ղեկավարների խորհրդի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի կոլեգիալ մարմին է, եւ զբաղվում է Համագործակցության երկրների արտաքին սահմանների ու տնտեսական գոտիների պաշտպանության, համակարգման հարցերով: ՍԶՀԽ անդամ են հանդիսանում ԱՊՀ անդամ-պետություների սահմանապահ զորքերի հրամանատարները կամ ղեկավարները:
ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ 10 պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի, ինչպես նաեւ Ուզբեկստանի եւ Ուկրաինայի Սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդի նիստում քննարկվելու են համագործակցության, սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի միգրացիայի, թմրաբիզնեսի, մաքսանենգության դեմ պայքարի հարցեր, կամփոփվեն 2011 թ. անցկացված համատեղ միջոցառումների նախնական արդյունքները, կկազմվեն 2012թ. աշխատանքների ծրագրերը եւ այլն:




























