«Ընդերքի մասին» օրենսգրքի ընդունումը կարող է ավելացնել լեռնահանքային ոլորտի հարկումը 3,5 մլրդ դրամով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
«Սա օրակարգի կարեւոր օրինագծերից է, որը մաշվել է երկու տարի: Մենք ստացել ենք նաեւ Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությունը, քանի որ օրինագիծը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա` ՀԲ փորձագետները նշում են Հայաստանի լեռնահանքային ոլորտի լուրջ ներդրումային ներուժը, որը տարեկան կարող է հասնել 500 մլն դոլարի:
«Հարկման առավել ժամանակակից եւ արդյունավետ մեխանիզմների կիրառման դեպքում մենք կարող ենք եւ լրացուցիչ հարկեր հավաքել: Նոր մոդելը նախատեսում է, որ 2012թ. մենք կհավաքենք 3,5 մլդ դրամով ավելի հարկեր, քան 2011թ-ին` մետաղի միջազգային ընթացիկ գների պահպանման պարագայում»,-հայտարարեց Տ. Սարգսյանը:
«Ընդերքի մասին» օրենսգիրքը սահմանում է ընդերքօգտագործման բնագավառում հիմնական իրավական բազան:




























