Եթե ոստիկանությունը չդադարեցնի ապօրինի հայտարարությունները` հավաքը ցրելու մասին, Հայ ազգային կոնգրեսը դիմելու է դատարան: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարել է Զինդատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, հավելելով, որ այսօր իրենց հայցը մուտքագրվել է Վարչական դատարան:

«Մենք պահանջում ենք ոստիկանությունից` ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ բարձրախոսով տեղեկացնելուց: Բազմաթիվ պաշտոնյաներ մեկնաբանություններ են տվել, իբր ոստիկանության գործողությունները օրինական են: Մեր պաշտոնյաները շատ հեռու են օրենքից եւ օրինականությունից»,- հայտարարել է նա:

Իր հերթին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ ոստիկաններն ապօրինաբար փակում են նաեւ հարակից սրճարանները:

«Մեկ ժամ առաջ թեյ էինք խմում, մետրուքսան բոյով մի լեյտենանտիկ եկավ եւ հրահանգեց, որ փակեն սրճարանը: Դիմում եմ ոստիկաններին: Խոստանում ենք թեյ չխմել, միայն մի փակեք սրճարանները, մի զրկեք մարդկանց տուն պահելու հնարավորությունից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ոստիկաններն Ազատության հրապարակում, բարձրախոսով պարբերաբար հայտարարում են, որ ՀԱԿ-ի հավաքն անօրինական է: Ոստիկանությունը հայտարարել է, որ չի խոչընդոտի հանրահավաքին, քանի դեռ այն չի խախտում կարգուկանոնը: Իր հերթին, ՀԱԿ-ը պնդում է, որ ոստիկանությունը հիմք է ընդունում օրենքի միայն մի մասը, անտեսելով մյուսները, ըստ որոնց հանրահավաքներն օրինական են: