Պարզունակ պատկերացում կա այսօր գործող իշխանության մոտ, որ եթե ընտրություններն անցնում են առանց էական խախտումների, ուրեմն երկիրը ժողովրդավարական է. Բնավ այդպես չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Ազատ ընտրություններն, իհարկե, կարեւոր ինստիտուտ են սահմանադրաիրավական ժողովրդավարություն ապահովելու համար: Դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են ժողովրդավարության համար: Թե ինչքանով էին ազատ ընտրությունները 2021-ին կամ 2018-ին, ես չեմ ուզում անդրադառնալ: Պատկերացնենք, որ ազատ են եղել, բայց ի՞նչ է նշանակում ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը նշանակում է, որ ազատ ընտրությունների միջոցով իշխանության եկած քաղաքական թիմը իրականացնում է այն խոստումները, ծրագրերը, որոնք տվել էին ժողովրդին եւ դրա համար ժողովուրդը ձայն էր տվել:
Հիմա եկեք տեսնենք, թե այդ խոստումներից ու ծրագրերից քանիսն է կատարվել: Պատկերավոր ասած, եթե ստախոսը խաբում է միամիտ մարդկանց, գալիս է իշխանության եւ իրականացնում է միայն իր եւ իր քաղաքական թիմի խմբակային նպատակները, որոնք չեն արտացոլում ժողովրդի շահերը, այստեղ ժողովրդավարության մասին խոսել չի կարելի: Ժողովրդավարությունը նաեւ լեգիտիմությունը է նշանակում, եթե դու քո նախընտրական ծրագրերը խախտել ես, ուրեմն կորցրել ես նաեւ քո լեգիտիմության բազան»,-ընդգծեց սահմանադրագետը:





























