Audi-ն միշտ եղել է գերմանական ինժինիրինգի գլխավոր խորհրդանիշներից մեկը, բայց էլեկտրամեքենաների մասով ընկերությունը վերջին ժամանակներս անհաջողություններ է կրում, հետ է մնում մրցակիցներից եւ ստիպված է հետեւել չինական պլատֆորմներին։ Audi-ն այժմ բանակցություններ է վարում SAIC ավտոկոնցեռնի եւ նրա IM Motors դուստր ձեռնարկության հետ, գրել է «Колеса»-ն։
Այս շաբաթ մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով ինսայդերներին, տեղեկացրել են, որ Audi-ն բանակցություններ է վարում չինական ընկերությունների հետ իր էլեկտրամեքենաների համար պլատֆորմ գնելու նպատակով, իսկ այսօր Reuters-ն անգամ նշել է գլխավոր թեկնածուին՝ IM Motors ընկերությանը, որը վերահսկվում է SAIC պետական կոնցեռնի կողմից։ Չինական կոնցեռնը Audi-ին պետք է այն պատճառով, որ սեփական «կանաչ» նորույթները, այդ թվում աղմուկ հանած Artemis նախագիծը, հետ են մնացել համակարգային ճգնաժամի պատճառով VW կոնցեռնում, նրա Cariad ստորաբաժանումում, որը նոր օպերացիոն համակարգ է ստեղծում Volkswagen Group-ի բոլոր մակնիշների համար։ Audi-ին Չինաստանում բավական ամուր դիրքեր ունի. այս տարվա հունվար-մայիսին գերմանական մակնիշը այստեղ իրացրել է 229 493 մեքենա՝ 13,1 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում, բայց դրանք հիմնականում «ածխաջրածնային» մոդելներ էին, իսկ էլեկտրամեքենաների բաժինը մոտ 5 տոկոս վաճառք ունի, ինչն անհանգստացնում է Audi-ին։
Չինական ընկերություններից շատ հետ չմնալու համար Audi-ի ղեկավարությունը որոշել է դիմել ծայրահեց միջոցի՝ գնել հարմար պլատֆորմ Չինաստանում։ IM Motors-ի հետ բանակցությունները բավական առաջ են ընթացել, այսինքն՝ արդեն շուտով դրանց մասին կարող է հայտարարվել պաշտոնապես։





























