Ֆրանսիան կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, որոնք արմատներով գնում են պատմության խորքը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Նրա խոսքով, Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի բարեկամությանն ու աջակցությանը: Սարկոզին ընդգծել է կովկասյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունն աշխարհի համար եւ նշել, որ Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների եւ խոշոր պետությունների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի  հատման կետում: Տարածաշրջանային անկայունության համատեքստում, Սարկոզին հատուկ ընդգծել է անկախության 20 տարվա ընթացքում Հայաստանի ձեռք բերած հաջողությունները:

Սարկոզին հայտարարել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները Ֆրանսիայում ընկալվում են մեծ ուշադրությամբ` հաշվի առնելով Ֆրանսիայի կյանքում կարեւոր դեր ունեցող հայ համայնքի առկայությունը:

Սարկոզին հիշեցրել է, որ Ֆրանսիան օգնության ձեռք է մեկնել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո: Այժմ էլ Հայաստանը մենակ չէ. երկրու երկրների ու ժողովուրդներ միջեւ հաստատվել են հատուկ կապեր: Սարկոզին նաեւ խնդրել է Սերժ Սարգսյանին շարունակել խաղաղության ուղին Ադրբեջանի հետ` ի նպաստ երկու երկրների շահերի: Սարկոզին նաեւ կոչ է արել շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ, իսկ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ջանքերին: Ֆրանսիայի նախագահի խոսքով, մեր օրերում,  2011 թվականին անընդունելի է ունենալ փակ սահմաններ: