Եթե գաղափարախոսությունն ամրանում է, կողքի մեկնաբանությունները ոչինչ չեն փոխի: Այսօր` հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ընդդիմության շուրջօրյա հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ երեկ, Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն հիմք է ընդունել Գարեգին Նժդեհի ոչ թե մեծագործողությունները` երկրի դժվարին պահին, այլ` ուսմունքը, որը ժամանակավոր մոլորություն էր:
«Երեւում է, մեր ընդհատված երկխոսությունը կրկին շարունակվում է` հիմա էլ անուղղակի: Բոլորը գիտեն, որ Գարեգին Նժդեհի աշխատությունների հիմնական գաղափարական հենքը բոլորովին էլ ազգայնականությունը չէ: Նրա հայեցակարգը ներառում է հայ ազգի, ավանդական հայ տեսակի պահպանման անհրաժեշտությունը: Այլ ժողովուրդների դեմ ուղղված ի՞նչ ագրեսիայի մասին է խոսքը: Հայերն այլ ազգերի համար երբեք սպառնալիք չեն ներկայացրել»,- հայտարարել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ, Ազատության հրապարակում անդրադառնալով Գարեգին Նժդեհի մասին իրեն ուղղված հարցին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Իմ եւ ՀՀԿ-ի տարբերությունը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ես գնահատում եմ Նժդեհի մեծագործությունը, իսկ ՀՀԿ-ն` ուսմունքը:
Մի բան է Նժդեհ հերոսը, մեկ այլ բան ուսմունքը, որը ժամանակավոր մոլորություն էր: Ուսմունքը շեշտելով ՀՀԿ-ն հողին է հավասարեցնում նրա արժեքը:
Շատ քչերին է հաջողվել հայրենիք պահպանել, թույլ տալ, որ այդ կտորը մնա մեր պետության սահմաններում. Այդպիսիք են եղել Նազարբեկյանը, Փիրումովը, Սիլիկովը, Անդրանիկը եւ Նժդեհը, ով թույլ չտվեց ոչ միայն թուրքական բանակի, այլեւ ռուսական բանակի մուտքը Զանգեզուր»:




























