Հայաստանի երեք նախագահների գաղափարական ուղիները, փաստացի, համընկել են: Այսօր` հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Եթե նույնիսկ նրանց միջեւ տարաձայնություններ են եղել, ապա ոչ գաղափարական: Գաղափարախոսությունը մեկն է եղել` ուժասպառ անելով վերցնել արդյունաբերությունը եւ անասելի անկման հասցնել գյուղատնտեսությունը: Հենց այդ գաղափարով էլ նրանք առաջնորդվել են»,- ասաց Ալավերդյանը:
«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին հարցը, հայտարարեց. «Նա իրավունք ունի վերադառնալ կամ չվերադառնալ, դա ոչ մի նշանակություն չունի: Եթե խոսենք աջակցության մասին, ապա նրան կարող են աջակցել այն քաղաքական ուժերը, որոնք նրա օրոք ազդեցություն են ունեցել»:
Նույն խնդրին անդրադառնալով, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանն ասաց, որ քաղաքական տարաձայնություն գոյություն չունի Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահների միջեւ: «Քաղաքական առաջնորդը, ով ընդգծված ազդեցիկ դեր է ունեցել երկրի հասարակական կյանքում, կարող է վերադառնալ: Մնացած հստակությունն արդեն մենք չէ, որ մտցնելու ենք»,- հայտարարեց նա:




























