Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրից, դուրս է բերվել 18 մեքենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Պաշտպանության նախարարությանը պատկանող քարշակի օգնությամբ, ժամը 15.00-ին սողանքից դուրս է բերվել «Օպել Վեկտրա» մակնիշի 25 ՕՕ 597 պետհամարանիշով սեւ, մարդատար ավտոմեքենան:
Այսօր, ժամը 16.55-ին սողանքից դուրս է բերվել նաեւ անհետ կորածների ցուցակում նշվող Նորայր Միրզոյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՕԼ 584 համարանիշի կաթնագույն ավտոմեքենան: Մեքենայի մեջ մարդ չի հայտնաբերվել:
Ներկայումս դեպքի վայրում որոնողական աշխատանքներ է իրականացնում 116 փրկարար եւ ՊՆ 5 զինծառայող: Ժամը 17.00-ի սահմաններում Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտի օգնության նպատակով ժամանել է 1 տրակտոր եւ 2 «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենա` Թեղուտի հանքից: Ինչ վերաբերում է մարդկանց դուրս բերելուն, ապա Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ դա շարունակում է մնալ առաջնային խնդիր, սակայն հնարավոր չէ ժամկետ ասել, թե երբ կկարողանան մարդկանց դուրս բերել. «Իհարկե, ավելի կհեշտանա, երբ լրիվ մեքենաներ դուրս բերվեն եւ աշխատանքի դաշտը մեծանա»,- նշեց նա` հավելելով, որ շարունակում են անհայտ կորած համարվել 5 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:




























