Ֆրանսիայում 94 տարեկանում մահացած չեխ և ֆրանսիացի գրող Միլան Կունդերայի կինը տանը կպահի Կունդերայի աճյունը, սակայն նրա մահից հետո սափորը կարող է տեղափոխվել գրողի հայրենիք՝ Չեխիայի Բռնո քաղաք, հաղորդում է Չեխական ռադիոն՝ վկայակոչելով Ֆրանսիայում Չեխիայի դեսպան Միխալ Ֆլեյշմանը։
Կունդերան Չեխոսլովակիայից մեկնել է Ֆրանսիա 1975 թվականին։ Նա աշխարհահռչակ «Կեցության անտանելի թեթևությունը», «Կատակ», «Անմահություն», «Հրաժեշտի վալս» և մի շարք այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը գրողին անվանել է չեխական մշակույթի սրբապատկերներից մեկը և նրա մահը որակել որպես մեծ կորուստ։
«Կունդերայի աճյունով սափորը նրա այրին՝ Վերա Կունդերան, մտադիր է թողնել տանը, իսկ իր մահից հետո աճյունը կարող է տեղափոխվել Կունդերայի հայրենիք՝ Բռնո քաղաք», - դեսպանի խոսքն է մեջբերել ռադիոն:
Ֆլեյշմանի խոսքով, գրողին դիակիզել են չորեքշաբթի Փարիզի հարավում գտնվող Arceuil գերեզմանատանը։ Արարողությանը ներկա էին միայն նրա կինը՝ Վերան, և Gallimard հրատարակչության ղեկավար Անտուան Գալիմարը, ով սերտորեն համագործակցում էր գրողի հետ։





























