Թուրքիայի կենտրոնական բանկը գնաճի կանխատեսումը մինչեւ տարեվերջ բարձրացրել է 58 տոկոսի, մամուլի ասուլիսում տեղեկացրել է կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանը։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2024թ. կանխատեսումը թարմացվել է՝ 33 տոկոս, իսկ ինչ վերաբերում է 2025թ., ապա սպասում ենք, որ գնաճը կնվազի՝ հասնելով 15 տոկոսի»,- նշել է նա։
Կենտրոնական բանկի նոր կանխատեսմամբ՝ այս տարի մթերային գնաճը կլինի 61,5 տոկոսի մակարդակին, նշել է Էրքանը։
Գների աճի նախորդ կանխատեսումը կենտրոնական բանկը թողել էր անփոփոխ՝ տարեկան կտրվածքով 22,3 տոկոսի մակարդակի 2023թ. վերջի համար, եւ 8,8 տոկոս ամբողջ 2024-ի համար։ Սակայն Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի անկման եւ էներգակիրների գնի աճի ֆոնին կենտրոնական բանկը հուլիսի 20-ին բարձրացրել է տոկոսադրույքը՝ տարեկան 15 տոկոսից 17,5 տոկոսի։ Դա առավելագույնն է 2021 թվականից։ Վերլուծաբանները հնարավոր էին համարում տոկոսադրույքի ավելի զուսպ աճը։
Թուրքիայի կենտրոնական բանկը բացատրել է երկրում գների աճի զսպման իր որոշումը։ Գնաճի գծով նրա թիրախը կազմում է 5 տոկոս։





























