ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հերթական ճեպազրույցում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման տարբերակը Բելառուսի դեմ Լեհաստանի մեղադրանքների հետ կապված։
«ՆԱՏՕ-ի երկրների կողմից 5-րդ հոդվածը կիրառելու գործընթաց կա: Մենք ներկայում նման իրավիճակում չենք», - մեկնաբանել է Միլլերը Վարշավայի պնդումները, թե բելառուսական ուղղաթիռները խախտել են Լեհաստանի պետական սահմանը:
Հոդված 5-ը նախատեսում է հավաքական պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մեկ կամ մի քանի երկրների վրա «զինված հարձակման» դեպքում։
Օգոստոսի 1-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բելառուսական երկու ուղղաթիռներ խախտել են երկրի օդային տարածքը։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել սահմանին բելառուսական ուղղաթիռների հետ կապված միջադեպը։ Լեհ զինվորականները կարծում են, որ բելառուսական իշխանությունները միտումնավոր սադրանք են սկսել ՆԱՏՕ-ի արևելյան թևի և ուղղակիորեն Լեհաստանի դեմ։





























