Դանիայի ոստիկանությունը ժամանակավորապես՝ մինչեւ մոտավորապես օգոստոսի 10-ը ներառյալ, ուժեղացնում է վերահսկողությունը երկրի ներքին սահմաններին Ղուրանի այրման վերջերս տեղի ունեցած ակցիաներից հետո։ Այս մասին նշվել է թագավորության արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվել է, որ «Ազգային ոստիկանությունը Ոստիկանական հետախուզության ծառայության (PET) հանձնարարությամբ անհրաժեշտ է համարել ժամանակավորապես ակտիվացնել Դանիայի ներքին սահմանների ամրացման ջանքերը», եւ որ, PET կարծիքով, «Ղուրանի այրման վերջին ակցիաներն ազդել են սպառնալիքների ընթացիկ պատկերի վրա»։ «Իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ներկայում անհրաժեշտ է ուժեղացնել ուշադրությունը նրանց հանդեպ, ովքեր գալիս են Դանիա, որպեսզի դիմակայեն կոնկրետ եւ ընթացիկ սպառնալիքներին, որոնց բախվում է Դանիան։ Ներկայում սպասվում է, որ ուժեղացված սահմանապահ միջոցները կպահպանվեն մինչեւ 2023թ. օգոստոսի 10-ը ներառյալ»,- տեղեկացվել է մամուլի հաղորդագրությունում։

Արդարադատության նախարար Պետեր Հումելգորդի կարծիքով՝ սահմանապահ վերահսկողության ուժեղացումն ընդգծում է իրավիճակի լրջությունը։

«Կառավարությունը լրջորեն է վերաբերվում ընթացիկ իրավիճակին,- հաղորդագրությունում մեջբերվել են նրա խոսքերը։- Ես նշում եմ այն մասին, որ իշխանությունները եկել են այն եզրակացության, որ սահմանափակ ժամանակի ընթացքում անհրաժեշտ է ակտիվացնել ոստիկանության ջանքերը դանիական սահմաններին՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։

Ավելի վաղ «Դանիայի հայրենասերներ» աջ արմատական խմբի ներկայացուցիչներն այրել էին Ղուրանը Եգիպտոսի, Թուրքիայի եւ Իրաքի դեսպանությունների առջեւ։