ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դաշնային դատավորին, որն զբաղվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական գործով, խնդրելով միջամտել իրավիճակին այն բանից հետո, երբ նա ինտերնետում հրապարակել է գրառում, որում, ինչպես պարզվել է, խոստացել է վրեժ լուծել բոլորից, ովքեր հետապնդում են իրեն, տեղեկացրել է PA Media-ն։
Դատախազները ԱՄՆ օկրուգային դատարանի դատավոր Տանյա Չուտկանին խնդրել են պաշտպանական որոշում հրապարակել այս գործով՝ այն բանից հետո, երբ Թրամփն իրեն անմեղ է ճանաչել 2020թ. ընտրություններում կրած պարտությունը չեղարկելու փորձի եւ իշխանությունը խաղաղ հանձնելուն խանգարելու մեղադրանքով։
Այս որոշումը, որը տարբերվում է այսպես կոչված «արգելքի մասին հրամանից», սահմանափակում է տեղեկությունը, որը Թրամփը եւ նրա իրավաբանական թիմը կարող են հրապարակայնորեն ներկայացնել գործի հետ կապված, որը հարուցել է հատուկ փաստաբան Ջեկ Սմիթը։
Նման պաշտպանական որոշումները սովորական երեւույթ են քրեական գործերում, բայց դատախազները հայտարարել են, որ այս դեպքում դրանք «հատկապես կարեւոր են», քանի որ Թրամփը սոցիալական ցանցերում տեղեկություններ է տեղադրել «վկաների, դատավորների, փաստաբանների եւ այլ անձանց մասին, որոնք կապված են իր դեմ վարվող իրավաբանական գործերի հետ»։
Մասնավորապես, դատախազները նշել են Թրամփի Truth Social պլատֆորմի ուրբաթ օրվա գրառումը, որում Թրամփը մեծատառերով գրել է. «Եթե դուք հետապնդեք ինձ, ես կհետապնդեմ ձեզ»։
Դատախազները հայտարարել են, որ պատրաստ են Թրամփի իրավաբանական բաժնին հանձնել ապացույցների «զգալի» ծավալ, «որոնց մեծ մասը ներառում է գաղտնի եւ կոնֆիդենցիալ տեղեկատվություն»։





























