Քաշմիրի շրջանում Նյու Դելիի իշխանությունների դեմ հանդես եկող գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է երեք հնդիկ զինվոր, շաբաթ տեղեկացրել են իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ուժեղացրել են անվտանգության միջոցները Հնդկաստանի կողմից այդ շրջանի հատուկ կարգավիճակը հանելու չորրորդ տարելիցի օրը, տեղեկացրել է The Associated Press-ը։
Մարտն սկսվել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը զինծառայողները, որոնք տվյալներ էին ստացել գրոհայինների ներկայության մասին, որոնողական գործողություն էին սկսել Կուլգամի հարավային շրջանի անտառներում, նշվել է հնդիկ զինվորականների հաղորդման մեջ։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է երեք զինծառայող։ Նրանք մահացել են։
Զինվորականների խոսքով՝ որոնողական գործողությունն այս շրջանում շարունակվում է, բայց այլ մանրամասներ չեն նշվել։
Հնդկաստանը եւ Պակիստանը հավակնում են Քաշմիրի ողջ տարածքին։
Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատվածի ապստամբները պայքարում են Դելիի իշխանության դեմ 1989-ից։ Մուսուլման քաշմիրցիների մեծ մասն աջակցում է գրոհայիններին, որոնց նպատակն է տարածքի միավորումը կամ Պակիստանի իշխանության ներքո, կամ որպես անկախ երկիր։





























