Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շրջել է զենքի գործարաններում, ստուգել հրետանային կայանքները և անգամ ինքնաձիգ է փորձարկել։
Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվական գործակալությունը, որը հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդի շրջագայության լուսանկարները, հայտնել է, որ նկարներում Կիմը ուսումնասիրում է խոշոր տրամաչափի հրետանային համալիրի արտադրության գործարանը և հրահանգներ տալիս աշխատողներին «ռազմավարական թևավոր հրթիռների և անօդաչու գրոհային ինքնաթիռների» արտադրության վերաբերյալ։
Հյուսիսկորեական ԶԼՄ-ների հաղորդումներում նշվում է նաև, որ Կիմը «կարևոր հրահանգներ է տվել»՝ «նոր զինամթերքների զանգվածային արտադրության կարողությունները մեծացնելու վերաբերյալ»:
Ըստ լրատվական գործակալության, Կիմ Չեն Ընի այցերը տեղի են ունեցել հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։
Հուլիսին Հյուսիսային Կորեան մեծ ռազմական շքերթ էր անցկացրել՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ICBMs) երկու մոդելների ցուցադրությամբ՝ նվիրված Կորեական պատերազմի զինադադարին, որը Փհենյանում հայտնի է որպես Հաղթանակի օր, չնայած նրան, որ հյուծող հակամարտությունը փակուղի էր մտել, և թերակղզին բաժանվել էր:
«Hwasong-18»-ները՝ Փհենյանի նորագույն պինդ վառելիքով բալիստիկ հրթիռները, որոնք, շատ վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ ողջ մայրցամաքի վրա հարվածային հեռահարություն ունեն, բերվել էին մայրաքաղաքի Կիմ Իր Սենի հրապարակ, դրանց հետևել էին հեղուկ վառելիքով գործող «Hwasong-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, տեղեկացնում է CNN-ը:





























