Կիրակի  Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի փաստաբանները չեն կարողացել կապվել նրա հետ, այն բանից հետո, երբ նա գիշերն անցկացրել է մայրաքաղաքի մերձակայքում գտնվող բանտում՝ նախորդ օրը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց հետո, հաղորդում է Խանի մամուլի ծառայությունը:

Շաբաթ օրը Խանը ձերբակալվել է արևելյան Լահոր քաղաքի իր տանը և տեղափոխվել Իսլամաբադի մերձակայքում գտնվող բանտ, որտեղ դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական ​​նվերները վաճառելու մեղադրանքով: Մեղադրական դատավճիռը, հավանաբար, նշանակում է, որ Իմրան Խանին կարգելվի մասնակցել համազգային ​​ընտրություններին:

«Ատոկի բանտը արգելված գոտի է (նրա) իրավաբանական թիմի, ինչպես նաև մոտակայքի տեղաբնակների համար», - ասել է  Խանի իրավական հարցերով խոսնակ Նայիմ Հայդեր Փանջոտան՝ ավելացնելով, որ իրենք չեն կարողացել սնունդ հասցնել նրան կամ կազմակերպել իրավական փաստաթղթերի ստորագրումը:

Պակիստանի տեղեկատվության նախարարը հարցում է ուղարկել Փենջաբի նահանգային իշխանություններին, որտեղ գտնվում է բանտը,   փաստաբաններին  Խանի հասանելիության վերաբերյալ:

Դեռ հայտնի չէ, արդյո՞ք, Խանը  երկուշաբթի կկանգնի   դատարանի առաջ, առաջին ատյանի դատարանի անսպասելի որոշումից հետո, որը նրան դատապարտեց երեք տարվա ազատազրկման:

Ձերբակալությունը վերջինն էր այն  հարվածների շարքում, որոնք թուլացրեցին Խանի քաղաքական դիրքը այն բանից հետո, երբ նա վիճեց պակիստանյան հզոր զինվորականների հետ, և նրա կուսակցությունը պառակտվեց:

Խանի «Թեհրիք-է-Ինսաֆ» կուսակցությունը հայտնել է, որ այդ որոշման դեմ բողոքարկել է  բարձրագույն ատյաններ։

Նրա կուսակցության խաղաղ ցույցերի կոչերին համազգային արձագանքը հիմնականում հանգիստ է եղել՝ ի տարբերություն լայնածավալ բռնի բախումների, որոնք երկիրը քաոսի մեջ գցեցին մայիսին՝ Խանի ձերբակալությունից հետո: