Ֆրանսիան դադարեցնում է Բուրկինա Ֆասոյին զարգացման նպատակով հատկացվող ֆինանսական աջակցությունը, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։

Այս հայտարարությունն արվել է այն բանից մի քանի օր հետո, երբ Բուրկինա Ֆասոն եւ Մալին հայտարարել էին, որ ցանկացած ռազմական միջամտություն Նիգերի նոր ռազմական կառավարիչների դեմ դիտարկելու են որպես «պատերազմի հայտարարում»։

Անցած կիրակի ECOWAS արեւմտաաֆրիկյան դաշինքը Նիգերի նոր կառավարիչներին վերջնագիր էր ներկայացրել՝ մեկ շաբաթում վերադարձնել իշխանությունը ընտրյալ նախագահ Մուհամեդ Բազումին կամ ենթարկվել հնարավոր ռազմական միջամտության։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել էր, որ «վճռականորեն» աջակցում է ECOWAS-ի՝ Բազումին վերականգնելու ջանքերին։