Եթովպացի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրել է Ահմարայի շրջանի աշխարհազորայիններին կառավարությունը տապալել փորձելու մեջ մի քանի մարտերից հետո, որոնց հետեւանքով երկրի իշխանությունները ստիպված են եղել արտակարգ դրություն հայտարարել, տեղեկացրել է Reuters-ը։
Fano-ի աշխարհազորայինների եւ Եթովպիայի պաշտպանության ազգային ուժերի (ENDF) միջեւ բախումները շարունակվել են հանգստյան օրերին։ Գոնդարի բնակիչները (մեծությամբ երկրորդ քաղաքը Ահմարայում) տեղեկացրել են, որ հրաձգության ձայնը լսվում էր մինչեւ երկուշաբթի առավոտ։
Հակամարտությունն արագ վերածվել է ամենալուրջ ճգնաժամի Եթովպիայի անվտանգության ոլորտում այն բանից հետո, երբ նոյեմբերին ավարտվել էր երկամյա քաղաքացիական պատերազմը Ահմարայի հարեւան Թիգրայ շրջանում։
Եթովպիայի ազգային հետախուզական ծառայության գլխավոր տնօրեն Թեմեշգեն Թիրունեհը ընդունել է, որ աշխարհազորայինները զավթել են մի քանի քաղաքներ եւ շրջաններ։
«Այդ թալանչիական ուժերը գործում են տարածաշրջանային կառավարությունը տապալելու ուղղությամբ եւ հետո փորձելու են անցնել դաշնային համակարգին»,- ասել է Թեմեշգենն Fana Broadcasting հեռուստաալիքին տված իր մեկնաբանությունում։
Արտակարգ դրություն մտցնելը անվտանգության ծառայություններին իրավունք է տալիս պարենային ժամ մտցնել, սահմանափակել տեղաշարժը, արգելել զենքի եւ սուր գործիքների կրումը, զանգվածային միջոցառումների անցկացումը, ձերբակալություններ եւ խուզարկություններ կատարել առանց օրդերի։
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Լեգեսե Թուլուն հայտարարել է, որ իշխանություններն արդեն սկսել են ձերբակալել նրանց, ովքեր կանգնած են անկարգությունների հետեւում։
Fano-ն կիսառազմական կազմավորում է, որը կամավորականներ է հավաքագրում տեղի բնակչությունից եւ ENDF դաշնակիցն էր Թիգրեյում պատերազմի ժամանակ։
Հետագայում նրանց հարաբերությունները վատացել են, այդ թվում դաշնային իշխանությունների վերջին ջանքերի պատճառով, որոնք ուղղված էին ռազմականացված կազմավորումների թուլացմանը։ Որոշ ակտիվիստների կարծիքով՝ դա Ահմարան խոցելի է դարձրել հարեւան շրջանների հարձակումների համար։





























