Կոնգոյի հյուսիս-արեւելքում ապստամբական խմբավորման գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Հյուսիսային Կիվու նահանգում տեղի հասարակական կազմակերպության նախագահ Ջոնաս Պանդանզին հայտնել է, որ զոհերը գնդակահարվել են կիրակի M23 խմբավորման անդամների կողմից, որը, ՄԱԿ կարծիքով, կապ ունի հարեւան Ռուանդայի հետ։
Պանդանզիի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի առավոտյան M23 զինված խմբի եւ տեղի ինքնապաշտպանության ջոկատների միջեւ Բվիտո գյուղի մոտ, որտեղ հայտնաբերվել են 11 խաղաղ բնակիչների մարմինները։ Ինչպես տեղեկացվել է, ապստամբները նահանջել են այդ շրջան, սպանել բնակիչներին գողացել արժեքավոր իրեր։
Նա նշել է, որ տարածքային միջկառավարական կազմակերպության ուժերը չեն միջամտել։
M23 խմբավորումը հայտնի է դարձել 10 տարի առաջ, երբ նրա մարտիկները զավթել էին Գոմուն՝ Արեւելյան Կոնգոյի ամենամեծ քաղաքը, որը սահմանակից է Ռուանդային։ Խմբավորման անվանումը ծագում է 2009թ. մարտի 23-ի խաղաղության համաձայնագրից, որի չկատարման մեջ նա մեղադրում է Կոնգոյի կառավարությանը։
Կոնգոյի արեւելյան հատվածում հակամարտությունն արդեն ընթանում է մի քանի տասնամյակ, ավելի քան 120 զինված խմբավորումներ պայքարում են արժեքավոր նյութական ռեսուրսների վերահսկողության համար, իսկ դրանց մի մասը պաշտպանում է իր համայնքները։ Ապստամբ խմբավորումները հաճախ զանգվածային սպանություններ են կատարում, իսկ բռնությունը առաջ է բերում փախստականների զանգվածային արտահոսք։





























