Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Կ. Մ.-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ ենթարկել են ամբողջական զննության, ինչի արդյունքում վերջինիս մոտ առկա սպորտային պայուսակից հայտնաբերվել է փաթեթ՝ 1,9 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն զանգվածով: Կ.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն: 

Քրեակատարողական հիմնարկից NEWS.am-ին հայտնում են, որ փաստից ելնելով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման եւ օպերատիվ բաժինների ծառայողներն անմիջապես խուզարկություն են իրականացրել նաեւ կալանավորված անձ Կ.Մ.-ի խցում:

Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանի ստորին հատվածից հայտնաբեվել է 3 փաթեթ, որոնցից երկուսում առկա են եղել ընդհանուր 1,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգվածներ, իսկ երրորդում՝ 1,4 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: Բացի այդ՝ նույն տեղից հայտնաբերվել է նաեւ 4 զույգ ականաջակալ:

Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: