ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X (Twitter) սոցցանցում տեղեկացրել է Նիգերի պաշտոնազրկված նախագահ Մոհամեդ Բազումի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Խոսել եմ Նիգերի նախագահ Բազումի հետ, որպեսզի ներկա սահմանադրական ճգնաժամի խաղաղ կարգավորման որոնումների մեր մշտական ջանքերի մասին տեղեկացնեմ։ Միացյալ Նահանգները կրկնում է մեր կոչը՝ անհապաղ ազատ արձակել նրան եւ նրա ընտանիքին»,- գրել է Էնթոնի Բլինքենը։
Հիշեցնենք, որ Բազումը իշխանազրկվել է հուլիսի վերջին Նիգերի նախագահական գվարդիայի հեղաշրջման հետեւանքով։ Բազումը հրաժարվել է հրաժարական տալ։ Երեկ Նիգերը փակել է երկրի օդային տարածքը զինվորական ինտերվենցիայից մտահոգվելով՝ աֆրիկյան երկրների ECOWAS դաշինքի նախազգուշացումից հետո։
Ավելի վաղ խռովարարների հետ բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը։





























