Չորեքշաբթի, երբ Նիգերի ռազմական խունտան նշեց իշխանությունում գտնվելու երկու շաբաթը, նրա ղեկավարները կառավարություն են նշանակում եւ մերժում են բանակցությունների կոչերը։ Վերլուծաբանների կարծիքով՝ նրանք լրջորեն են տրամադրված արեւմտաաֆրիկյան երկիրը կառավարելու հարցում, տեղեկացրել է The Associated Press-ը։

Խունտան նշանակել է նոր վարչապետ եւ կառավարության անդամներ։ Նրանք հրաժարվել են ընդունել միջնորդներին, որոնք գալու էին ՄԱԿ-ից, Աֆրիկյան միությունից եւ Արեւմտաաֆրիկյան ECOWAS տարածաշրջանային դաշինքից։

Ավելի վաղ ECOWAS-ը սպառնացել էր ռազմական ուժ կիրառել, եթե խունտան չվերականգնի նախագահ Մոհամեդ Բազումին կիրակի օրը։

«Կառավարության ստեղծումը կարեւոր նշանակություն ունի եւ նշանակում է, որ իրենք պլան ունեն՝ ամբողջ կառավարության աջակցությամբ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակցուհի, ներկայում՝  Strategic Stabilization Advisors- տնօրեն Անժելիզ Բեռնարդը։

Խռովարարները հայտարարել են, որ քաղաքացիական տնտեսագետ Ալի Մահաման Լամին Զեյնը կդառնա վարչապետ։ Զեյնը էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարարն է, որը պաշտոնից հրաժարվել էր այն բանից հետո, երբ կառավարությունը տապալվել էր 2010թ. նախորդ հեղաշրջման ժամանակ, իսկ ավելի ուշ աշխատել է Զարգացման աֆրիկյան բանկում։

Հուլիսի 26-ին խռովություն բարձրացրած զինվորները տապալեցին դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահ Մոհամեդ Բազումին՝ հայտարարելով, որ իրենք կարող էին ավելի լավ պաշտպանել ազգը ջիհադականների բռնությունից։ «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետության» հետ կապված խմբավորումները ամայացրել են Սահել ընդարձակ շրջանը Սահարայի անապատից հարավ։

Բայց վերլուծաբանների եւ դիվանագետների մեծ մասն ասում է, որ բանական փաստարկները նշանակություն չունեն, եւ իշխանության զավթումը դարձել է իշխանության համար պայքարի արդյունք նախագահի եւ նրա նախագահական պահպանության ղեկավար, գեներալ Աբդուռահման Չիանիի միջեւ, որն այժմ ասում է, որ կառավարում է երկիրը։