Եթովպացի զինվորականները Fano-ի աշխարհազորայիններին դուրս են քշել Գոնդարի մեծ մասից, այստեղ դաժան մարտեր էին մղվում այն ժամանակվանից, երբ անցած շաբաթ Ահմարա շրջանում բախումներ սկսվեցին, չորեքշաբթի տեղեկացրել են տեղի բնակիչները եւ աշխարհազորի անդամը, փոխանցել է Reuters-ը։
Գոնդարում զինվորականների հաջողությունը դաշնային ուժերի առաջին խոշոր ձեռքբերումն է։ Մինչ այդ բռնկված անկարգություններն արագ վերածվել էին ամենալուրջ ճգնաժամի այն ժամանակվանից ի վեր, երբ անցած տարվա նոյեմբերին ավարտվել էր երկամյա քաղաքացիական պատերազմը Թիգրայ շրջանում, որը սահմանակից է Ահմարային, նշել է ԶԼՄ-ն։
Ի պատասխան՝ կառավարությունն ուրբաթ հայտարարել էր արտակարգ դրություն եւ զինվորներ ուղարկել առաջնագիծ։
Fano-ն կամավորականներ է հավաքագրում տեղի բնակիչներից։ Նա եթովպական պաշտպանության ազգային ուժերի (ENDF) դաշնակիցն էր Թիգրայի պատերազմում, բայց ավելի ուշ հարաբերությունները վատացան այն մեղադրանքների պատճառով, որ դաշնային կառավարությունը փորձել է թուլացնել Ահմարայի պաշտպանությունը հարեւան շրջաններից, մեղադրանք, որը կառավարությունը հերքում է։





























