Չորեքշաբթի Պակիստանի դատարանը քննարկել է նախկին վարչապետ, բանտարկության մեջ գտնվող Իմրան Խանի բողոքը կոռուպցիայի մեղադրանքի դեմ, բայց որեւէ նորություն գրավի դիմաց նրա հնարավոր ազատ արձակման մասին չկա, տեղեկացրել է նրա փաստաբանը, փոխանցել է Reuters-ը։

70-ամյա Խանը քաղաքական ցնցումների կենտրոնում է հայտնվել այն ժամանակվանից, երբ անցած տարի հանվեց վարչապետի պաշտոնից անվստահության քվեի պատճառով, ինչն անհանգստություն առաջացրեց Պակիստանի կայունության հետ կապված, որը տնտեսական ճգնաժամ է ապրում։

Նրան արգելվել է որեւէ պետական պաշտոն զբաղեցնել հիգ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ շաբաթ օրը սկսել է կրել երեք տարվա բանտարկությունը պետական նվերների անօրինական վաճառքի գործով, որոնք ստացել է 2018-2022թ. վարչապետ եղած ժամանակ։

«Իմրան Խանը ազատ կարձակվի, եթե նրա գործը դիտարկվի ըստ էության»,- ասել է նրա փաստաբան Նաիմ Փանջութան բողոքարկումը քննելուց առաջ։

Փանջութան տեղեկացրել է, որ դատարանը ծանուցում է ուղարկել իշխանության շահագրգիռ մարմիններին՝ խնդրելով արձագանքել, բայց հաջորդ լսման օր չի նշանակել։

Խանը, որը հերքում է մեղադրանքը, ձերբակալվել է Լահորի իր տանը եւ ներկայում բանտում է Իսլամաբադից ոչ հեռու։